ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Յուրաքանչյուր խայծ կուլ տալն այլևս մոդայիկ չէ

Յուրաքանչյուր խայծ կուլ տալն այլևս մոդայիկ չէ
24.04.2009 | 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փորձում են արագացված թափով ամրագրել իրենց դիրքերը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում։ Այստեղ կարևորագույն խնդրահարույց հանգույցներից են հայ-թուրքական հարաբերությունները (ռուս-վրացական հարաբերությունների կողքին)։
Վերջին ամիսներին այս հանգամանքը հանգեցրել է չհիմնավորված ու արագ «պայմանավորվածությունների», որոշ կիսագաղտնի կամ լիովին գաղտնի բանակցությունների, որոնք կարելի է ընկալել բացառապես իբրև համաշխարհային տարածաշրջանային քաղաքականության դերակատարների կողմից մեկը մյուսին ուղղված ազդանշաններ։ Ինչպես հայտնի է, երկար տարիների կտրվածքով գաղտնի բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Մինսկի խմբի շրջանակներում։ Այդ գաղտնիությունն արդեն վաղուց ընկալվում է իբրև քաղաքական պիժոնություն և ոչ մի ընդհանուր բան չունի իրական քաղաքական գործընթացների հետ։
Ի պատասխան Մոսկվայում կազմակերպված խեղկատակության` կապված Ղարաբաղի հարցում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշ պայմանավորվածությունների հետ, ԱՄՆ-ն առաջ քաշեց որոշակի այլընտրանք «ճանապարհային քարտեզ» անվանումով, ընդունված Թուրքիայի ու Հայաստանի կողմից` հեղինակավոր Շվեյցարիայի միջնորդությամբ։ Եթե անդրադառնանք Մերձավոր Արևելքի և այլ հակամարտող տարածաշրջանների փորձից ելնող քաղաքական տերմինաբանությանը, «ճանապարհային քարտեզ» է կոչում այն ծրագիրը, որը դատապարտված է մշտական բանակցությունների և մշտական բլեֆի։ Վաղուց պետք էր հասկանալ, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերությունների հիմնավոր կարգավորմամբ։ Այդ համատեքստում խոսքը միայն Թուրքիային այս կամ այն կողմը քաշելու մասին է, բայց նույնիսկ այդ գործընթացում չէ խաղարկային իրավիճակի էությունը։
Ռուսաստանի համար այդքան հեշտ չէ կառուցել հուսալի ու պարտավորեցնող հարաբերություններ Թուրքիայի հետ, արդեն չխոսելով ռազմավարական բնույթի հարաբերությունների մասին։ Չափազանց լուրջ են նրանց միջև եղած հակասությունները։ Ռուսաստանը խնդիր ունի իրականացնելու հավանաբար միջնաժամկետ ծրագիր, այն է` Թուրքիայի հետ դաշինք ստեղծել մասնավոր հարցի, Սև ծովում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի հզորացումը թույլ չտալու շուրջ։ Սակայն նույնիսկ այս մասնակի և միջնաժամկետ մտադրության պայմաններում Հայաստանը ենթակա է իր ներկա միջազգային կարգավիճակը կորցնելու վտանգին։
ԱՄՆ-ը, որքան ուզում է, կարող է հայտարարել Թուրքիայի` Եվրամիության կազմում ընդգրկվելու նպատակահարմարության և տարածաշրջանային քաղաքականության մեջ նրա ավելի լայն մասնակցության մասին։ Բարաք Օբամայի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն այլևս հետապնդում է միանգամայն որոշակի նպատակ` իրագործել Թուրքիայի մեկուսացման և շրջափակման քաղաքականություն։ Բայց հիմա արդեն խոսքը միանգամայն ակնհայտ համաձայնությունների մասին է ԱՄՆ-ի ու Եվրամիության, ավելի ճիշտ` առաջատար եվրոպական պետությունների միջև, ներառյալ Մեծ Բրիտանիան։ Այսինքն` իրագործվելու է Թուրքիային զսպելու համատեղ քաղաքականություն։ Դա այլ բան չի նշանակում, քան Թուրքիայի դերի լուրջ սահմանափակում Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում ու Բալկաններում։ Պետք է հասկանալ, որ ամերիկա-եվրոպական հարաբերություններն իրենցից ներկայացնում են մի շրջանակ, որտեղ երբեք չի լինում բացահայտ թշնամություն կամ լիարժեք համաձայնություն։ Սպիտակ տնից Ջորջ Բուշի հեռանալուց հետո, սակայն, Թուրքիայի հետ կապված, հավանաբար, ձևավորվել է քիչ թե շատ հասկանալի համաձայնություն։
Բացառված չէ, որ որոշակի փուլում Ռուսաստանը չի առարկի Թուրքիայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականության դեմ։ Այսպիսով, հենց այդ աշխարհաքաղաքական հարթության մեջ պետք է դիտարկել գործընթացները, որոնք տեղի են ունենում հայ-թուրքական հարաբերություններում։ Էրդողանի հայտարարությունը` առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Հայաստանի հետ սահմանը բացելու անհնարինության վերաբերյալ, ցույց է տալիս, որ Թուրքիայում գիտակցում են 1915-ի Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի ճանաչման հեռանկարը։ Տեղի ունեցածը նաև որոշակի «ապահովագրում» էր ներկայիս թուրքական ղեկավարության համար մոտակա հեռանկարի կտրվածքով, եթե տարածաշրջանում ստեղծվի նոր իրավիճակ։
Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես երբեք, շահագրգռված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նրանց փորձը ցույց տվեց ամերիկացիներին, որ ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը Թուրքիայի նկատմամբ քաղաքական առումով այլևս ներգործուն չէ, ներգործելու է միայն բուն ճանաչումը։ Հայ-թուրքական հարաբերությունների հարաբերական կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան ավելի ու ավելի զգա իր մաշկի վրա մեկուսացման ու շրջափակման քաղաքականության հետևանքներն ու փորձի չեզոքացնել հայկական թեման այլ ազդեցիկ գործոնների արտաքին քաղաքականության մեջ։ Իսկ առայժմ բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և հռչակագրային մտադրությունները բացարձակապես չունեն որևէ իրական բովանդակություն։
Այս իրավիճակը, սակայն, իր մեջ պարունակում է որոշակի սպառնալիքներ և ռիսկեր, քանի որ Հայաստանն իր վրա չափից ավելի պարտավորություններ է վերցնում բացարձակապես չհասկանալով ու չպատկերացնելով դրանց հետևանքները։ Բացարձակապես գոյություն չունի որևէ անհրաժեշտություն արտաքին քաղաքականության մեջ ցուցադրելու յուրաքանչյուր խայծ կուլ տալու պատրաստակամություն։ Այդպիսի քաղաքական պահվածքն ու ոճը վաղուց արդեն մոդայիկ չեն ու անցյալ են դարձել։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Մեկնաբանություններ